ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Միջամտություն՝ ուղիղ և անուղղակի

Միջամտություն՝ ուղիղ և անուղղակի
18.12.2025 | 15:02

ԱԺ-ի ՔՊ-ական պատգամավոր Ռուբինյանը, իր ասելով, տեսնում է հավանականություն, որ դրսից միջամտության փորձ կարող է լինել: Իհարկե, չի կոնկրետացնում, թե դրսի որ մասից կարող է լինել միջամտության փորձը: Մենք էլ մեզ միամիտի տեղ դնենք ու փորձենք դիտարկել, թե որտեղից է ինքը տեսնում այն: Սկսենք հարավից. Իրանից միջամտելու փորձ չի երևում, չնայած այնտեղ չհավանեցին Թրամփի ուղու վերաբերյալ համաձայնությունը: Արևելքից և արևմուտքից մենք ոչ թե հավանականություն ենք տեսնում, այլ միջամտություն: Մի դեպքում այն ուղիղ է և բազմակողմանի՝ խոսքը «մեծարգո» վարչապետի երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկերոջ մասին է: Մյուս կողմից այն անուղղակի է՝ պայմանավորված Նիկոլի ու Իլհամի համագործակցության հաջողությամբ: Բնականաբար, ընդդեմ Հայաստանի շահերի, քանի որ ուրիշ կերպ չէր կարող լինել Ադրբեջանում ծավալված հայատյացության պայմաննեում:

Գնանք հյուսիս. Վրաստանը ցանկություն չունի միջամտելու, քանի որ դա նրան, նախ, պետք չէ, և ապա, զբաղված է իր ներքին հարցերով: Ուրեմն գնանք ավելի հյուսիս՝ հասնելով Ռուսաստան: Ասեմ, որ ռուսական միջամտություն ես չեմ տեսնում՝ չնայած ամենօրյա ռեժիմով դիտարկում եմ ռուսական տելեգրամյան մի շարք ալիքներ: Նաև ռուսախոս ուկրաինական ալիքներ, որովհետև եթե ինչ-որ բան լիներ, որ ռուսական ալիքները կփորձեին թաքցնել, ապա դա կբացահայտվեր ուկրաինականի կողմից: Դա արել եմ ոչ թե նպատակամղված՝ ռուսներին հետևելու համար, այլ այդպես է ստացվել ինքնաբերաբար: Որովհետև թե՛ ռուսական և թե՛ ուկրաինական ՏԳ ալիքներին ես բաժանորդագրվել եմ ռուս-ուկրաինական պատերազմին օրական կտրվածքով հետևելու նպատակով:

Մի խոսքով, ես վստահորեն պնդում եմ, որ ռուսական միջամտություն, որպեսզի դա երևար նաև լրատվական դաշտում, գոյություն չունի: Ընդհակառակը, ժամանակին ՌԴ նախագահն էր պաշտպանում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին՝ հայտարարելով, թե նա դավաճան չէ: Երբ բոլոր գրագետ ու հայրենասեր հայաստանցիները նրան մեղադրում էին դավաճանության մեջ: Իսկ եթե որևէ մեկի խելքին փչի, թե ռուսները դա անում են գաղտնի, ապա հիշեցնեմ մի քանի տարի առաջ Արևմուտքում ծագած սկանդալը: Երբ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ գաղտնալսել է ՆԱՏՕ-ական իր գործընկերներին: Այն էլ պետություննների ղեկավարության մակարդակով: Իսկ այն ժամանակ ԱՄՆ-ի և ԵՄ հարաբերություններն այնպիսին չէին՝ ինչպես հիմա է. դրանք փայլուն էին:

Այսպիսով, եթե Ռուսաստանն էլ չի միջամտում, ապա մնաց Արևմուտքը՝ եթե, իհարկե, հաշվի չառնենք այլմոլորակայիններին: Մինչև Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետը կարող էի հանգիստ նշել՝ միասնական և այն էլ գլոբալիստական Արևմուտքը: Չնայած, ինչպես ասվեց, միասնական Արևմուտքում միմյանց գաղտնալսելու իրողությանը: Ինչևէ, գլոբալիզմի գաղափարախությանը հարազատ մնացած Եվրամիության երկրներում, այո, միջամտջություն է եղել, կա ու կլինի հայաստանյան ներքին գործերին՝ լինեին դրանք ընտրություններ, թե պետական ինստիտուտների ձևավորում: Դա կատարվում էր նաև, այսպես ասած, օրենքի գերիշխանության և ժողովրդավարության կայացման նպատակով: Թե ինչպիսի ժողովրդավարություն է հաստատվել Հայաստանում այդ ջանքերի արդյունքում՝ կարող են չտեսնել միայն կույրերը: Կամ էլ 20-30 տարի գործող իշխանություններն ու իրենց համակիրները:

Այնպես որ, ԵՄ փոխնախագահ տիկին Կալլասը կարող էր և չչքմեղանալ՝ երբ եվրոպական միջամտությունը փորձում էր արդարացնել ՀՀ գործող իշխանության խնդրանքով: Որովհետև Արոյի միջոցով Նիկոլը չխնդրեր էլ, միևնույն է, այն տեղի կունենար՝ գումարի տեսքով կամ առանց դրա. Վրաստանի իրադարձությունները մեզ օրինակ: Ու դրան մենք վաղուց ենք սովոր: Ուղղակի մի ժամանակ մտածում էինք, որ եվրոպական օգնությունն, իսկապես, նպատակամղված է ավելի ընդունելի իշխանություն ձևավորելուն: Բայց երբ գործող իշխանությունը բացահայտ վերածվում է բռնապետության, ու ԵՄ-ն ու առանձին եվրոպական պետությունների ղեկավարները դա «չեն տեսնում», ապա դա ոչ թե քաղաքական կուրության նշան է, այլ աշխարհաքաղաքական շահերի դրսևորում: Իսկ երբ այդ շահերն ինչ-որ պահի չեն համընկնում Հայաստանի պետական շահերին՝ ապահովելով զուտ գործող իշխանության պահպանությունն ու վերարտադրությունը, ապա դա հենց միջամտություն է, և այն էլ՝ խիստ կոպիտ միջամտություն:

Ասեմ ավելին, ես չեմ պատկերացնում, թե ինչ վիճակում կհայտնվենք մենք՝ երբ պատերազմը հաղթականորեն ավարտելուց հետո, իսկ ամեն ինչ գնում է դրան, Ռուսաստանը կրկին վերադառնա Հարավային Կովկաս: Ինչպես դա տեղի է ունեցել, ասենք, 100 տարի առաջ: Այն ժամանակ սխալ հաշվարկների արդյունքում Հայաստանը կորցրեց իր տարածքի կեսից ավելին: Այսօր մենք արդեն կորցրել ենք Արցախյան հաղթական պատերազմի շնորհիվ ձեռք բերված մեր պատմական տարածքները կամ ընդհանուր հայրենիքի մեկ քառորդը: Ու որքան հասկանում եմ, դեռևս դուրս չենք եկել տարածքների կորստյան շրջափուլից:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 226

Մեկնաբանություններ